Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»

246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
22.11.2026 | 16:02

Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվող առևտրային հարաբերությունների վերաբերյալ։
Ըստ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների՝ Հայաստանից Ադրբեջան արտահանվել է ընդամենը 95,5 հազար դոլարի ապրանք (հիմնականում ալյումինե փայլաթիթեղ), մինչդեռ հակառակ ուղղությամբ արտահանման ծավալը կազմել է շուրջ 23,45 միլիոն դոլար։
Փաստորեն, Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը։ Առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Բաքվի օգտին է։
Առավել մտահոգիչ է առևտրի ապրանքային կառուցվածքը։ Ադրբեջանը Հայաստան է արտահանում հիմնականում նավթամթերք՝ դիզելային վառելիք և բենզին, մինչդեռ Հայաստանից արտահանումը չնչին է։ Սա ոչ թե փոխշահավետ առևտրի, այլ էներգետիկ միակողմանի կախվածության ձևավորման նախանշան է։
Ընդ որում, ապրանքները դեռևս տարանցվում են Վրաստանի տարածքով. հայ-ադրբեջանական սահմանը փակ է, իսկ լիարժեք տնտեսական հարաբերություններ գոյություն չունեն։
Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են հայ-ադրբեջանական առևտրի վերականգնման մասին՝ այն ներկայացնելով որպես խաղաղության ամրապնդման կարևոր երաշխիք։
Հրապարակված վիճակագրությունը վկայում է ակնհայտ անհամաչափության մասին։
Ես ամենևին դեմ չեմ Ադրբեջանի հետ առևտրին։ Տնտեսական համագործակցությունն իսկապես կարող է նպաստել խաղաղությանը, եթե հիմնված է փոխշահավետության և փոխադարձ կախվածության վրա։ Սակայն միակողմանի կախվածությունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշման լրացուցիչ գործիքի։
23,5 միլիոն դոլարը Հայաստանի նավթամթերքի ընդհանուր ներմուծման համեմատ դեռ մեծ ծավալ չէ, սակայն էականը ոչ այնքան գումարն է, որքան ձևավորվող հարաբերությունների տրամաբանությունը։ Բաքվի հետևողական քաղաքականությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն առևտուրը դիտարկում է նաև որպես Հայաստանի նկատմամբ ազդեցության նոր լծակներ ձևավորելու միջոց։
Այս համատեքստում առավել մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների մոտեցումը, որոնք առևտրի վերականգնումը վերածում են PR կամպանիայի՝ անտեսելով հնարավոր երկարաժամկետ ռիսկերը։
Հայաստանին անհրաժեշտ է տարածաշրջանային տնտեսական համագործակցություն, որը կամրապնդի մեր երկրի ինքնիշխանությունը և կծառայի ազգային շահերին, այլ ոչ թե կխորացնի կախվածությունը Ադրբեջանից։
Հակառակ դեպքում՝ խաղաղության գրավիչ կարգախոսների ներքո կարող է ձևավորվել մի համակարգ, որտեղ Ադրբեջանն իր ռազմական և քաղաքական ճնշման գործիքակազմը կհամալրի նաև տնտեսական լծակներով։
Սա Հայաստանի ենթարկեցման քաղաքականությունն է։

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ